

Սպիտակ թուղթ, մատիտի կամ վրձնի մի քանի ճկուն շարժումներ, և դատարկությամբ լցված տարածությունը վերածվում է շոշափելի թվացող պատկերների: Ներկապնակի կախարդական գույները, նրբորեն միաձուլվելով լուսաստվերային լուծումներին, դառնում են գեղեցիկ նկարներ: Այսպիսին են մեր կենտրոնի սան Նատալիի մեծագույն սիրով արված աշխատանքները` իր նման պարզ ու անկեղծ: Կենսուրախ աղջնակի աչքերից լույս ու բարություն է հորդում, որը շռայլորեն արտացոլվում է նրա նկարներում:
Նատալին 12 տարեկան է : Շուրջ մեկ տարի է՝ հաճախում է «Դանիելյան» արվեստի կենտրոն: Նկարչական ձիրքն իր մեջ ի հայտ է եկել դեռ վաղ մանկուց: Թուղթն ու մատիտը նրա անբաժան ուղեկիցն են եղել: Նկարչության մեջ նա շեշտը դնում է հատկապես գծանկարչության, գրաֆիկական աշխատանքների վրա: Նատալիի համար այն միայն հոբբի չէ: Աղջիկն ուզում է անվանի ճարտարապետ դառնալ: Իր իսկ խոսքերով` գծանկարչությունը կօգնի նրան իրականություն դարձնել բաղձալի երազանքը:
«Դանիելյան» արվեստի կենտրոնի հատուկ թղթակից` Լեյլի Հայրապետյան